|
Հայաստանում հաշվիչ մեքենաների նախագծման գործում իրական առաջընթաց սկսվեց 20-րդ դարի 50-ական թվականների վերջին: 1956թ.-ին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ և միութենական կառավարության որոշմամբ հիմնադրվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ): Ինստիտուտի ստեղծման գործում կարևոր դեր խաղաց երիտասարդ գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը՝ ԵրՄՄԳՀԻ առաջին ղեկավարը: Մինչև հիմա ժողովրդի համար "Մերգելյանի ինստիտուտը" ԵրՄՄԳՀԻ-ի հոմանիշն է: Ինստիտուտի կայացման, Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման զարգացման գործում իրենց անգնահատելի ավանդն են ներդրել անվանի գիտնականներ Արտաշես Շահինյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Ֆադեյ Սարգսյանը: Ինստիտուտի աշխատակիցների թվում են հայտնի ակադեմիկոսներ, գիտնականներ և ինժեներներ:
1960թ.-ին առաջին անգամ ԽՍՀՄ-ում մշակվեց և պետական հանձնաժողովին հանձնվեց կիսահաղորդչային "ՀՐԱԶԴԱՆ" ԷՀՄ-ն: Հետագայում այդ ԷՀՄ-ն կատարելագործվեց և նրա "ՀՐԱԶԴԱՆ-2" նոր մոդիֆիկացիան լայն գործածություն գտավ գիտական հետազոտություններում և արդյունաբերության մեջ: 1965թ.-ին շահագործման հանձնվեց նշված ԷՀՄ-ի հաջորդ մոդիֆիկացիան՝ "ՀՐԱԶԴԱՆ-3"-ը: Այնուհետև, վերջինիս հիմքի վրա ԵրՄՄԳՀԻ-ում մշակվեց "Մարշրուտ-1" հաշվողական համալիրը, որը նախատեսված էր երկաթուղային տոմսերի վաճառքի ավտոմատացման համար: Երկար ժամանակ այդ համալիրն օգտագործվում էր Մոսկվա քաղաքի մի քանի երկաթուղային կայարաններում: "Մարշրուտ-1"-ի նախագծող-գիտնականների մի խումբ արժանացավ ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1960-ական թվականներին ԵրՄՄԳՀԻ-ում ծավալվեցին փոքր չափերի ԷՀՄ-ների ընտանիքի՝ "Նաիրի" հաշվողական մեքենաների մշակման աշխատանքները: 60-70թ.թ. ստեղծվեցին այդ ԷՀՄ-ների նոր տարբեր մոդելներ ("Նաիրի-1", "Նաիրի-2", "Նաիրի-3", "Նաիրի-3.1", "Նաիրի-3.2", "Նաիրի-3.3","Նաիրի-4", "Նաիրի-4.1"), որոնք նախատեսված էին գիտության, տեխնիկայի և տնտեսության տարբեր ոլորտներում խնդիրների լայն դասի լուծման համար: "Նաիրի" ԷՀՄ-ների ընտանիքի գլխավոր արժանիքը միկրոծրագրավորման սկզբունքն ու այսպես ասած, "բարեկամական" ինտերֆեյսն էր, որը թույլ էր տալիս ԷՀՄ-ների հետ շփվել մաթեմատիկականին մոտիկ լեզվով: 80-ական թվականներին ԷՀՄ-ների ընտանիքի հետագա զարգացման արդյունքը դարձան "Նաիրի-4B", "Նաիրի-4B C", "КОВЕР" բազմամեքենա և մուլտիպրոցեսորային համալիրները, որոնք ծրագրային մակարդակով համատեղելի էին DEC ընկերության հայտնի PDP (PDP-11/40, PDP-11/44) մեքենաների հետ: ԷՀՄ-ների "Նաիրի" ընտանիքի ստեղծման համար ինստիտուտն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: Տարիների ընթացքում ԵրՄՄԳՀԻ-ում կատարվում էին մագնիսական ժապավենի կոնական հիմքի վրա հիշող սարքերի մշակման հետազոտական և փորձարարա-նախագծային աշխատանքներ: Այդ համալիր աշխատանքների համար ինստիտուտը պարգևատրվեց ՀԽՍՀ պետական մրցանակով: ԵրՄՄԳՀԻ աշխատանքների հիմնական ուղղություններից էր նաև մի շարք միջին ԷՀՄ-ների՝ EC-1030, EC-1045, EC-1046, ու դրանց բազայի վրա բազմամեքենա և մուլտիպրոցեսորային համալիրների ստեղծումը: Այդ ԷՀՄ-ները ճարտարապետությամբ և ծրագրորեն համատեղելի էին IBM ընկերության IBM-360 և IBM-370 հայտնի սերիաների հետ:
70-80-ական թվականներին այդ ԷՀՄ-ները և համալիրները լայն կիրառություն գտան տնտեսության, գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում և տեղակայված են ԽՍՀՄ բազմաթիվ կազմակերպություններում: Միայն EC-1045 և EC-1046 մոդելներից արտադրվել է 5000-ից ավելի մեքենաներ: Այդ աշխատանքների համար ինստիտուտի աշխատակիցները պարգևատրվել են ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակով, իսկ աշխատանքների ղեկավարները՝ Լենինյան մրցանակով:
ԱԿՀ-ների ապարատային միջոցների և ծրագրային ապահովման նախագծումն ու մշակումը 70-ական թվականներին դարձան նոր ուղղություն ինստիտուտի աշխատանքների համար, և կարևոր էտապ նրա պատմության մեջ: Նոր աշխատանքներն իրենց մեջ ներառում են բարձր հուսալիության իրական ժամանակի հաշվողական համալիրներ ("ՍՎԿ", "Սևան"), իրական ժամանակի օպերացիոն համակարգի, ԱԿՀ-ների գործառության ալգորիթմեր և կիրառական ծրագրային ապահովման փաթեթներ: Այդ աշխատանքների համար ինստիտուտը պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով, աշխատանքների հեղինակային խումբն արժանացավ ՀԼԿԵՄ մրցանակի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների, շատ աշխատակիցներ պարգևատրվեցին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով:
Մինչև ԽՍՀՄ փլուզումը ԵրՄՄԳՀԻ-ն հաշվիչ մեքենաների և ԱԿՀ-ների ստեղծման ասպարեզում առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկն էր: ԵրՄՄԳՀԻ-ի՝ տարածքային ԱԿՀ-ների և հատուկ նշանակության հաշվողական համալիրների մշակմամբ զբաղված ստորաբաժանումների բազայի հիման վրա 1992թ.-ին ձևավորվեց Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԱԿՀԳՀԻ):
ԵրԱԿՀԳՀԻ կոլեկտիվը զբաղվել է և ունի մեծ փորձ տարբեր ոլորտներում օգտագործվող տարածքային, բազմաօբյեկտային ավտոմատացված կառավարման համակարգերի ծրագրային ապահովման մշակման գործում: Կոլեկտիվը զբաղվել է բարձր հուսալիություն և արտադրողականություն ունեցող հատուկ նշանակության հաշվողական մեքենաների և համալիրների, նրանց օպերացիոն համակարգերի, գլոբալ ցանցերում տվյալների փոխանակման հատուկ արձանագրություններից օգտվող ծրագրային փաթեթների տարբեր նպատակային ֆունկցիաներ իրականացնող ծրագրային ապահովման մշակմամբ:
80-ական թվականների վերջերից սկսած կոլեկտիվը մշակել է և շարունակում է մշակել ինչպես կիրառական ծրագրային մեծ փաթեթներ, այնպես էլ ամբողջական կիրառական ծրագրային ապահովում ժամանակակից հաշվողական տեխնիկայի և օպերացիոն համակարգերի ու տվյալների բազայի միջավայրում:
Ներկայումս ԵրԱԿՀԳՀԻ կոլեկտիվը զբաղվում է հատուկ նշանակության մեծ ավտոմատացված կառավարման համակարգերի, այդ թվում տարբեր ծրագրային փաթեթների, հատուկ տեխնիկական սարքերի համար դրայվերների և փոխանակման բլոկների, տվյալների փոխանակման ծրագրային փաթեթների և ամբողջական կիրառական ծրագրային ապահովման մշակմամբ՝ Windows
և Linux
օպերացիոն համակարգերի միջավայրում, Visual C++ և C++ ծրագրային լեզուներով: Նշված բոլոր աշխատանքները, ինչպես ԵրՄՄԳՀԻ կազմում, այնպես էլ ԵրԱԿՀԳՀԻ ձևավորումից հետո միշտ ղեկավարել է և շարունակում է ղեկավարել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ռոբերտ
Աթոյանը:
|